Կենսագրություն

Դնեպրիկ Սուրենի Բաղդասարյան

Ծնվել է 1929թ. սեպտեմբերի 29-ին Կիրովականում՝ զինվորականի ընտանիքում, ծագումնաբանորեն՝ Զանգեզուրի և Լոռու լեռնաշղթայից: Դնեպրիկի պապը՝ Մկրտիչը, 1918թ. կազմակերպել էր իր հարազատ գյուղի՝ Կապանի շրջանի Ագարակ գյուղի ինքնապաշտ-պանությունը, ընդհանուր հրամանատարությունը Անդրանիկինն էր:
Հայրը՝ Սուրեն Բաղդասարյանը, սովետական բանակի կադրային սպա էր։ 1928թ. ծառայել է հայկական ազգային դիվիզիայում՝ կարմիր բանակի կազմում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նա եղել է 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդի կոմիսար, հերոսաբար զոհվել Կրասնադարի շրջանի Գորբուզովայա Բալկա գյուղում։ 1943թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով:
Դնեպրիկ Բաղդասարյանը էքստեռնով ավարտել է դպրոցը և ընդունվել Գորկու Մեծ Հայրենական պատերազմի շքանշանի զենիթա-հրետանային ուսումնարանի Օդեսա քաղաքի մասնաճյուղը, որն ավարտել է 1950թ։ Հետագայում սովորել է հրամանատարական դասընթացներ Գորկի քաղաքում։ 1954թ. ընդունվել է Բաքվի ընդհանուր զորքերի հրամանատարական զինվորական ուսումնարանը: Զինվորական կարիերան սկսվել է հրետանային դասակի հրամանատարից, հետագայում եղել է գումարտակի հրամանատար, դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, դիվիզիոնի հրամանատար։ 1947-1970թթ. ծառայել է զենիթա-հրետանային և հետագայում՝ հրթիռային-հակաօդային զորքերի պաշտպանության զորքերում (ПВО) Գորկի, Օդեսա, Բաքու, Նիժնի Տագիլ քաղաքներում, հետագայում՝ Հեռավոր Արևելքում, Սախալին թերակղզում, Լատվիայում և Էստոնիայում: 1970թ. զորացրվել է Սովետական բանակից զինվորական համազգեստ կրելու իրավունքով:
1970թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ որը գերազանց ավարտել է 1974թ։ Երկար ժամանակ դասավանդել է Երևանի քիմիական տեխնիկումում՝ որպես զին-ղեկ։ 1989-1993թթ. ակտիվ մասնակցել է համահայկական պատերազմին, եղել ամենաթեժ կետերում։ 1991թ. ապրիլի 25-ին Արդարադատության նախարարությունը հաստատել է Հայաստանի Սպաների միության կանոնադրությունը, որի հիմնադիր նախագահ է ընտրվել Դնեպրիկ Բաղդասարյանը: Այդ թվերից նա դասավանդել է իրավագիտություն Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում։ Սովետական միության Սպաների միության պատվավար անդամ է: Գրել և հրատարակել է բազմաթիվ ձեռնարկներ և գրքեր պետության և իրավունքի տեսության մասին, հայ ազգի կրոնական և էթնոմշակութային անցյալի հետ կապված աշխատություններ: Մեծ ճանաչում բերեց ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզվով հրատարակված «Դիմակայություն» գիրք-հուշամատյանը, որը օբյեկտիվ, ճիշտ և բազմակողմանի պատմում է մեր հաղթանակած պատերազմի մասին։ Ռուս անալիտիկների կարծիքով՝ սա Հայաստանում առաջին գիրքն է, որն իր մեջ պարունակում է խորը զինվորական գիտելիքներ, օբյեկտիվ քաղաքական անալիզ և պատմում է հայ ազգի հերոսների մասին:
Պետական պարգևներ չունի;
Մահացել է 2009թ, թաղված է Եռաբլուր պանթեոնում: