«Դիմակայություն»

Հրապարակի վրա է խիստ սահմանափակ տպաքանակով հրատարակված անվանի սպայի Արցախյան Ազատամարտին վերաբերող հուշագրությունների գիրքը:
Մինչ Արցախյան պատերազմը, հեղինակը 1947-70թթ. ծառայել է ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության հրետանային եւ հրթիռային զորքերում (Գորկի, Օդեսա, Բաքու, Հյուսիսային Ուրալ, Հեռավոր Արեւելք, Սախալին, Մերձբալթիկա, Հայաստան): Զորացրվելուց հետո ավարտել է Պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այժմ աշխատում է Երեւանի տնտեսագիտական-իրավաբանական համալսարանում, իրավագիտության պրոֆեսոր է: Բայց արդյո՞ք միայն իրավագիտության: ՆԱ նախ եւ առաջ հայրենասիրության պրոֆեսոր է, ռազմական գործի պրոֆեսոր, հմուտ գիտակ:
Դիտեցեք ինքներդ, մարդը խառայել է իրոք անծայրածիր երկրում, կատարել է իր պարտքն ու վերադարձել, հանկարծ.
«1988թ. փետրվարի Սումգաիթյան ցեղասպանությունը չէր կարող կազմակերպված լինել միայն Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սովետական Միությունը եւ ՍՄԿԿ-ն իր ամենազոր քաղբյուրոյով, դեռեւս ողջ էին: Կարծում եմ, որ Սումգայիթի հայ բնակչության կոտորածը կանխամտածված եւ թույլատրված է եղել «պերեստրոյկայի» գլխավոր ճարտարապետի եւ նրա հանցախմբի կողմից…», _ գրում է նա: Եվ, չնայած Դ. Բաղդասարյանը վաղուց արդեն երիտասարդ չէր, նա գիտակցում էր, որ ժամանակակից պատերազմում, երբ Արցախի երկնքում ռազմական ինքնաթիռներ էին սուրում, երբ Հայկական Շուշիից ազերինները հրե կարկուտ էին թափում Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա, որսորդական հրացաններով կամ ֆիդայական կռիվներով շատ հեռու չես գնա:
Իսկ որ հրետանին պատերազմի աստվածն է, շատ լավ էր հասկանում հրետանու բարձրաստիճան սպան: Պատահական չէ, որ մեծ նվիրյալներ Մոնթեն հատուկ «կուրսերի» էր գալիս Դնեպրիկ ռազմագետի մոտ, իսկ Շահեն Մեղրյանն անձամբ էր եկել խնդրել, որ փոխգնդապետը այցելի այնտեղ` Շահումյանի շրջան:
Ընթերցողը մեկ շնչով, կլանված կարդում է գիրքը, մոռանալով, որ արկածային գրականություն չէ, այլ ծանր, անակնկալներով լեցուն պատերազմ, հաղթանակներ եւ անսպասելի պարտություններ, ցավալի զոհեր: իսկ տղաների մեծ մասը փոխգնդապետին որդի կսազեին:
Իսկ անձամբ ինքը`մեր հերոսը, շատ անգամներ է վիրավորվել, բայց լսեք իրեն.
«Տղաներն ուզում էին ինձ տանել, բայց ջղայնացա ու կարգադրեցի առանց ինձ գնան: Սկզբում մտածում էի, որ քներակս կտրված է, փրկություն չկա եւ ճանապարհին արյունաքամ եմ լինելու, ուստի որոշել էի մնալ իմ փառքի պատվանդանին արժանի հրանոթի հետ գրկախառնված… Անտարբեր նստել էի հրանոթի լաֆետին եւ սպասում էի թե վերջս ե՞րբ է գալու… Անցավ մի քանի րոպե, իսկ մահը չէր գալիս»:
Այժմ Դ. Բաղդասարյանը ակտիվ գործողություններ է ծավալելՊահեստի եւ պաշտոնաթող սպաների Միությունում, որի հիմնադիրն (1991-ից) ու անփոփոխ նախագահն է։
Շատ զարմանալի մի բան եւս: 1970թ. առ այսօր, ներառյալ Արցախյան պատերազմի նրա չորս տարվա ակտիվ գործնական մասնակցությունը, Դնեպրիկ Սուրենի Բաղդասարյանը դեռեւս փոխգնդապետ է, իսկ այլոք …
Օրերս ուշագրավ մի ոտանավոր ստացավ «Մռավի ղողանջներ» թերթի խմբագրությունը: Այն գրվել է 1992-ին, նվիրված է Դ. Բաղդասարյանին: Հեղինակը դարձել է փախստական եւ ապրում է Ռուսաստանում:

Վալտեր Այդինյան Պահեստի եւ պաշտոնաթող սպաների Միության անդամ