«Սպայական կազմի մերանը»

Շուշիի ազատագրման տարեդարձը նշվեց նոր գրքի ներկայացմամբ:
1945 թվականի մայիսի 9-ին Խորհրդային Միությունը աշխարհին ազդարարեց Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը: Դրանից շատ տարիներ անց` դարձյալ մայիսի 9-ին, Արցախի զավակները, հայ կամավորները պատմական հայկական Շուշի քաղաքից վռնդեցին ազերի հրոսակներին:
Շուշիի ազատագրման տարեդարձը մայիսի 6-ին ՀՀ ազգային գրադարանում նշվեց Արցախի ազատագրման պատերազմի մասնակից, խիզախ հրետանավոր, փոխգնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի (1930-2009թթ.) «Դիմակայություն» (հեղինակայի հրատարակություն, 2010թ.) հուշագրությունների գրքի շնորհանդեսով: Գրքում նկարագրված են արցախյան ազատամարտի այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել հեղինակը: Գիրքը վավերագրական է, նրանում հիշատակված բոլոր անձիք իրական մարդիկ են, արցախյան պատերազմի ողջ մնացած և զոհված հերոսներ, որոնց և նվիրվում է այն:
Առաջին մասում ներկայացված է ազատագրական պայքարի պատկերը`«Քաոս», «Նախապատրաստվում ենք անհրաժեշտ պաշտպանության», «Բարձրունու պաշտպանությունը, հանդիպում «Տիգրան Մեծ» զորամիավորման հետ եւ առաջին լուրջ հարվածը հակառակորդին», «Կանոնավոր ազգային գվարդիա ստեղծելու մտահղացման եւ իմ գերության մեջ հայտնվելու մասին», «Ադրբեջանի տանջարաններում» եւ այլ վերնագրերի ներքո: Երկրորդ մասում հեղինակի խոհերն են պատերազմի մասին:
Ներկայացված են զոհված ազատամարտիկների լուսանկարներ, նրանց մասին պատմող հուշագրություններ: Գրքի վերջում կա 1990թ. փետրվարի 27-28-ին Վայքի շրջանի Բարձրունքի գյուղում տեղի ունեցած, ինչպես նաեւ 1992թ. ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 14-ը Գորիսի եւ Լաչինի շրջաններում «Դնեպր» հրետանային միավորման գործողությունների, այլ ճակատամարտերի քարտեզը:
Բացելով արարողությունը` գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը գրքին անվանեց ֆիլմ տեքստային առումով, եւ նրա առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին զոհված ազատամատիկների, Դնեպրիկ Բաղդասարյանի հիշատակը:
Առաջին հռետորը Կոմանդոսն էր` գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով գրքի հեղինակին անվանեց «մեր սպայական կազմի մերանը» եւ շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ Դնեպրիկը եղել է իր կողքին: Պատերազմի մեկ այլ մասնակցի` Աղասի Արշակյանի գնահատմամբ` գրքի հեղինակը մեծ դեր է խաղացել ֆիդայական ջոկատների ոգին բարձրացնելու գործում: Հայտնի ըմբիշ Նորայր Մուշեղյանի գնահատմամբ` Դնեպրիկը այն հրամանատարներից էր, ովքեր միշտ եղել են զինվորի կողքին, եւ կարողացել է շինական գյուղացուց հրետանավոր պատրաստել: Անդրանիկ Արշակյանի խոսքով` «նա պարկեշտ մարդ էր, սեփական խղճի ձայնին ունկնդիր, ուներ համախոհների մեծ բանակ եւ մեզ սովորեցրել է դողալ յուրաքանչյուր մետրի համար, երբեք մենակ չի թողել ու չի վտանգել ոչ մեկին»: Խոսք ասացին նաեւ Վլադիմիր Առաքելյանը, Սուրեն Կարապետյանը, Մանվել Եղիազարյանը, Ռաֆիկ Թադեւոսյանը, Արամ Թորգոմյանը, Դանիել Թադեւոսյանը եւ ուրիշներ:
Ելույթ ունեցողները, մասնավորապես, պատմեցին, որ Դնեպրիկի հայրը եղել է Թամանյան դիվիզիայի հերոսներից, պապն անցյալ դարասկզբին կռվել է թուրքերի դեմ:

Ա. ԱՎԱԳՅԱՆ