Ազգը չի ծերանում մաքառման ճանապարհին, «Ազգ»

Ասում են` այն ազգը, որը չի ուզում մեռնել, հնարավոր չէ սպանել նրան: Դու այդ ազգի ժառանգն ես. վկան է պատմությունը: Ու թվում է` արդեն այսօր` մերօրյա ժամանակներում, պետք է թուլանար ազգի ոգին պատմության դժնդակ ոլորաններում մաքառելիս, ու խոնարհեր գլուխը` իբրև ուժասպառ մաքառող, իբրև մայրամուտ ապրող վիրավոր զինվոր: Բայց թվում էր միայն, ազգի արևը կարող է թեքվել, բայց երբե’ք մայր չմտնել: Ազգը չի’ ծերանում մաքառման ճամապարհին:
Այս հզոր ազգի ոգին էր, որ արցախյան ազատամարտում կռեց հաղթանակը քո` կամավոր ազատամարտիկ, դարձավ մի նոր ապացույց հավերժանալու ճանապարհին: Դժվար էր, բայց գիտակցությանդ միջից հավերժ ջնջել էիր տունդարձի ճանապարհները իմանալով` այնտեղ, ուր դու ես գնում, համընթաց քայլում է և մահը: Ու թեև դժվար էր գիտակցումը, որ քո ետևում թողնում ես զավակիդ, ծնողիդ, կնոջդ, ովքեր, հուզմունքը խեղդելով, սպասելու են վերադարձիդ, բայց վճռված էր` պիտի գնաս: Գիտակցում էր ընտանիքդ` ավելորդ է ցանկացած բառ քո որոշման առջև, մնում է հնազանդորեն ճանապարհել քեզ: Ու գնացիր առանց ետ նայելու. Դժվար էր նայել հարազատիդ աչքերից ներս: Հայացքիդ առջև մնացել էին դեռ նրանց աղոթող շուրթերը: Գնացիր վճռական քայլերով, վստահ` համոզված լինելով, որ այնտեղ, ուր դու կլինես, չեն լինի ո’չ մահ, ո’չ էլ մի մոլորված, կույր փամփուշտ: Վստահ էիր, որովհետև քո մեջ հաղթել էիր մահվանը ու նրան ծնկի էիր իջեցրել քո առջև: Վստահ էիր: Ու այդ վստահությամբ ու վճռականությամբ էլ վերադարձար ու այսօր հաղթանակած կանգնած ես քո նոր սերնդի առջև, որը հիացած աչքերով սպասում է`ինչ ես ասելու իրեն: Իսկ դու պատմելու շատ բան ունես, թեև լռում ես համեստորեն: Բայց պատմի’ր, խնդրում եմ, քո փառահեղ ուղու մասին, քո ընկերների, ջոկատների մասին: Գիտեմ` ջոկատներից մեկն էլ «Մեծն Տիգրան» է կոչվում: Կպատմե՞ս:
Ազգը չի ծերանում մաքառման ճանապարհին։
Զորամիավորման ծննդյան տարեթիվն է 1990թ. փետրվարի 15-ը: Առաջին մարտական մկրտությունը ստացել է փետրվարի վերջին Վայքի շրջանի բարձրունի գյուղի տակ տեղի ունեցած ճակատամարտում: Հետագայում ջոկատն իր մեջ ներառեց մի շարք այլ ջոկատներ և վերածնվեց գնդի: 1991թ. մայիսից մինչև 1992թ. հունիսի 13-ը իրականացվում էր շահումյանի ֆրոնտի Էրքեջի ուղղության պաշտպանությունը: 1992թ. աշնանը և 1993թ. ձմռանը «Մեծն Տիգրանի» ռազմիկներից կազմավորված «Արծիվ – 7» մահապարտների զորամիավորումը մասնակցեց թշնամու կողմից զավթած Արցախի տարածքների ազատագրմանը: Ակտիվորեն մասնակցել է Գորիսի, Կապանի և այլ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը, ինչպես նաև բուֆերային պաշտպանական գոտու ստեղծման համար մղված մարտերին, մինչև 1994թ. մայիսին հաստատված հրադադարը:
«Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատարն է եղել Կորյունը, իսկ արդեն Բարձրունու ճակատամարտից և մի քանի այլ նշանակալից մարտական գործողություններից հետո «Մեծն Տիգրանի» ռազմախորհրդի առաջարկով զորամիավորման խորհրդատու-հրամանատար դարձավ Դնեպրիկ Բաղդասարյանը:
«Մեծն Տիգրան» ջոկատի քսան և Արմավիրի մարզում գտնվող համանուն վարժարանի 15-ամյա հոբելյանները համատեղ նշելն էլ պատահական չէր: Իրենց հարգանքի ու շնորհակալանքի խոսքն ասացին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Ավետիսյանը, «Մեծն Տիգրան» վարժարանի տնօրեն, փոծգնդապետ Կ. Ղումաշյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդը մարզպետ Ա. Ղահրամանյանը, քաղաքապետ Ռ. Խլղաթյանը և այլոք: Այստեղ էին նաև արցախյան ազատամարտում վճռորոշ դեր խաղացած ջոկատայինները, որոնք համեստորեն լռում էին իրենց սխրանքների մասին:
Այնուհետև Արմավիրի թեմի հեգևոր առաջնորդի գլխավորությամբ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվածներին: Տերունական աղոթքից հետո հոգևոր առաջնորդը շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ:
Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն իր ողջույնի խոսքում կարևորեց վարժարանի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում նշելով, որ ՊՆ-ում հիշում են նրանց:
-ՊՆ ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր ռազմակրթական, ռազմամարզական վարժարանները: Այդպիսիք շատ չեն: Այսօր ձեր ներկայությունն առհավատչյան է այն իրողության, որ այն պատգամները, ավանդույթները, որ պատգամվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, շարունակվում են առ այսօր:
…Ամբողջ զինուժի հրամկազմը շնորհավորում է ձեզ` օրվա կապակցությամբ և հղում իր երախտիքի խոսքը:
«Մեծն Տիգրան» վարժարանի տնօրեն, փոխգնդապետ Կորյուն Ղումուշյանը հակիրճ ներկայացրեց վարժարանի անցած ուղին մինչև այն օրը, երբ նախնական զինվորական պատրաստականության ճամբար-կենտրոնը 1997-1998թթ. վերակազմավորվեց ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի` անվանակոչվեց Տիգրան Մեծի անվամբ` ի փառս «Մեծն Տիգրան» գնդի մարտիկների և արցախյան ազատամարտի: Տիգրան Մեծի անունը պարտավորեցնում է մեզ և անձամբ ինձ` վարժարանի պատիվը բարձր պահելու: Կազմավորման առաջին իսկ օրվանից հավատում էի` վարժարանը կկայանա, ժամանակի պահանջն էր: Յուրաքանչյուր տարի վարժարանի քսաներկուսից քսաներեք սան ընդունվում են պետական անվճար բարձրագույն հաստատություններ: Եվ դա պատահական չէ. Մեր սաներին պարտավորեցնում են «Մեծն Տիգրան» գնդի տղաները, ովքեր կորցրեցին իրենց լավագույն ընկերներից շատերին: Սակայն հպարտ են` նրանց շարքերը համալրում են Տիգրան Մեծ վարժարանի սաները, և բոլոր նրանք, ովքեր ընտրել են հայրենիքի պաշտպան դառնալու սուրբ մասնագիտությունը:
Վարժարանի կուրսանտները հաճախակի են այցելում Եռաբլուր, Մատենադարան, Վ. Սարգսյանի տուն-թանգարան: Վարժարանում գործում է նաև ավիամոդելիստների խմբակ, որը մասնակցելով հանրապետական մրցումների, արժանացել է մի շարք պատվոգրերի, գավաթների: «Տիգրան Մեծ» զորամիավորման ազատամարտիկ, Հայաստանի հետախույզ վետերանների միության նախագահ, հետախուզության վաշտի հրամանատար Սուրեն Կարապետյանը կարևորեց կամավորական ջոկատների նշանակությունը արցախյան ազատամարտում, թեև ջոկատայիններն արհեստավարժ զինվորականներ չէին:
- 1989-ին ծանոթացա քիմիական տեխնիկունի ռազմական ղեկավար, լավ դասախոս Դնեպրիկ Բաղդասարյանի հետ, և նա ինձ վերցրեց իր հետ` ընդգրկելով «Մեծն Տիգրան» աշխարհազորայինների կազմում, ինքը որպես խորհրդատու, ես հետախուզության հրամանատար: Այսօր, ցավոք, հայրենասիրական ոգին փոքր-ինչ նվազել է երիտասարդների մոտ: Մենք պետք է մտածենք` պատերազմը դեռ չի ավարտվել, թշնամին չի քնում: Բուհերում ոչ միայն պետք է լեզուներ սովորեցնեն, այլև ռազմահայրենասիրություն: Ու այս ամենը պետք է սկսվի մանկապարտեզից, ընտանիքից, դպրոցից: Երիտասարդները լավ տեղեկացված չեն: Էն տղաները, ովքեր մեծ դեր ունեցան արցախյան ազատամարտում, քիչ են ուշադրության արժանանում:
«Ազատություն» ջոկատի հրամանատար Մորուք Նորիկն էլ կարևորեց արյան կանչի խորհուրդը` որ հայի փրկությունը զենքի մեջ է միայն: Երևանի թիվ 171 դպրոցի զինղեկ, Ներքին գործերի բարձրագույն դպրոցների հիմնադիր, գնդապետ Լեռնիկ Ղազարյանը կարևորեց մեր ռազմական հնարամտությունները: Տեխնիկայի դերը կարևորելով հանդերձ` գնդապետն ընդգծեց, որ առանց ոգու ու ռազմական հնարամտության դժվար կլիներ հաղթելը: Այսօր, երբ պատմության հեռուներից ես նայում կամավորական ջոկատների անցած ճանապարհին, հասկանում ես` նրանց գործած սխրանքի առջև յուրաքանչյուր գնահատական ու խոսք փոշու մի հատիկ է ընդամենը…

Մարգարիտա Գասպարյան